main_bg
Francesca Lanzavecchia

Համարձակ, բազմաոճ, ոչ ավանդական և կարեկցանքով լի․ այսպիսին է Ֆրանչեսկա Լանցավեկիայի դիզայներական մոտեցումը։ Ծնվել է 1983 թվականին՝ Պավիայում։ Արդյունաբերական դիզայնի մասնագիտությամբ ավարտել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել Նիդեռլանդների Էյնդհովենի դիզայնի ակադեմիայում՝ հայեցակարգային դիզայնի մագիստրոսական ծրագրում, որն ավարտել է գերազանցությամբ 2008 թվականին։ Էյնդհովենում սկսեց ձևավորվել դիզայնի վերաբերյալ նրա անհատական տեսլականը։ Նա դիզայնը դիտարկում է որպես բազմակողմանի և բազմաշերտ ոլորտ՝ համընդհանուր տեսողական այբուբեն, որն ունակ է գոյություն ունեցող իրականությանը ձև ու կերպ հաղորդել բանաստեղծական և ընդվզող նրբագեղությամբ։

 

Նրա համար դիզայներ լինել նշանակում է լինել հետազոտող, ինժեներ, արհեստավոր և կյանքի պատմությունները հյուսող ստեղծագործող, ինչպես արտահայտված է նրա նախագծերում։ Այդ նախագծերը ծառայում են որպես մեր անձի և ինքնության ինչպես գործառնական, այնպես էլ խորհրդանշական շարունակություն՝ իրենց մեջ կրելով պատմություններ, ժեստեր և առօրյա ծեսեր, որոնք ստեղծում են անձնական ու հուզական կապ։ Կահույքի, արտադրանքի և ինտերիերի դիզայնի ոլորտներում նրա հավաքածուներն արտացոլում են համընդհանուր դիզայնի սկզբունքներին և մարդկանց բոլոր խմբերի համար իսկապես հասանելի արտադրանք ստեղծելուն ուղղված մեթոդաբանական ու մասնագիտական մոտեցումը։ Դրանցում կենտրոնական տեղ է զբաղեցնում մարդը՝ իր ձգտումներով, սահմանափակումներով և անհատական առանձնահատկություններով։ Ֆրանչեսկան պատմություններ պատմող ստեղծագործող է, անհանգիստ գեղագետ և քոչվորական ոգեշնչմամբ առաջնորդվող դիզայներ։ 2010 թվականին նա Հուն Վայի հետ համահիմնադրել է Lanzavecchia + Wai բազմամասնագիտական դիզայն ստուդիան, որը գործում է Պավիայում և Սինգապուրում։ 2012 թվականից նա ստուդիայի ստեղծագործական տնօրենն է։

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է